Կիպրոսում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ
ԱշխարհԿիպրոսում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ, որը «դելտա» և «օմիկրոն» շտամների հիբրիդ է։ Բացահայտումն արել է տեղացի գիտնականների խումբը, որոնք աշխատում են Կիպրոսի համալսարանի կենսատեխնոլոգիայի և մոլեկուլային վիրուսաբանության լաբորատորիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այս լաբորատորիայի ղեկավար Լեոնտիոս Կոստրիկիսի խոսքով՝ հետազոտողները COVID-19-ի նոր տարբերակն անվանել են «դելտակրոն»։
Նրա խոսքով, վիրուսի նոր տարբերակն ունի գենետիկ հիմք, ինչպես «դելտա»-ինը, սակայն դրա որոշ մուտացիաներ նույնն են, ինչ «օմիկրոն»-ինը։
«Մենք հայտնաբերել ենք զգալի թվով մուտացիաներ, որոնք նախկինում հայտնաբերվել են միայն օմիկրոն շտամով վարակվելու դեպքում»,- ասաց մասնագետը։
Ինչպես նշել է Կոստրիկիսը, «օմիկրոն»-ն ունի 30 մուտացիա, և «դրանցից 10-ը հայտնաբերվել են Կիպրոսում վերցված նմուշներում»։
Նա հավելել է, որ «դելտակրոն» շտամը հայտնաբերվել է կղզուց վերցված 25 նմուշներում։ Դրանցից 11-ը ստացվել են կորոնավիրուսային վարակի ախտանիշներով հոսպիտալացվածներից, իսկ մնացած 14-ը՝ հասարակ բնակիչներից։