«Փաստ». Դատաիրավական համակարգը հարմարեցնում են իրենց քիմքին
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 2-3 ամիսների ընթացքում արդարադատության նախարարությունում ինտենսիվորեն աշխատում են ՀՀ դատաիրավական ողջ համակարգում փոփոխություններ նախատեսող խոշոր փաթեթի վրա, որով հավանական է արմատական փոփոխությունների ենթարկվեն միանգամից մի քանի առանցքային օրենսգրքեր։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նման նախաձեռնությունն իրականացվում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, որպեսզի օրենքների և օրենսգրքերի՝ խութեր ունեցող և «լազեյկաներ» պարունակող բոլոր սողանցքները փակվեն և հարմարեցվեն իշխանության պահանջներին։
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, այս աշխատանքային խմբի մեջ, որպես խորհրդատվական-փորձագիտական «մարմին», ներգրավված են արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի ՀԿ-ների մի քանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներքաղաքական դաշտում ակնհայտ պրոիշխանական թեզեր գեներացնող իրավաբաններ։
Մեզ տեղեկացրեցին նաև, որ խմբի աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքների ավարտը, որպեսզի Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ ընդհանուր իրավակարգավորումների հետ որևէ խնդիր չառաջանա»: