Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն
ՀասարակությունՀայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն:
«Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակ Գևորգ Պապոյանը:
Պատգամավորի նախագիծը հիմնավորեց Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու իշխանության ջանքերով:
«Վերջին ժամանակահատվածում բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ են իրենց աշխատակիցների հետ միասին Հայաստան տեղափոխվել: Եվ պարզվեց, որ, եթե օտարերկրյա կազմակերպություններն այստեղ ներկայացուցչություն են բացում, ապա այդ կազմակերպությունների օտարերկրացի աշխատակիցները Հայաստանում ունեն աշխատանքի թույլտվություն: Բայց, եթե մասնաճյուղ է բացում, նշանակում է, որ չունի աշխատանքի թույլտվություն: Տարօրինակ էր այդ օրենքի նորմը: Ստացվում էր, որ խտրական մոտեցում կա»,-ասաց Պապոյանը:
Պատգամավորը նկատեց, որ այսօր օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ գալիս են Հայաստան՝ աշխատելու: Նա կարևորեց այս մասով քաղաքականությունները վերանայել: Օրենքի նախագիծն էլ հենց դրա մասին է: Այսպիսով՝ հնարավորություն կտրվի օտարերկրյա քաղաքացիներին աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում: