Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
ՀայաստանՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության եւ գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՎԶԵԲ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի հարցերով տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը եւ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:
Ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ տնտեսության եւ ենթակառուցվածքների ոլորտներում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների համատեքստում: Անդրադարձ կատարելով ՎԶԵԲ-ի դերակատարմանը Հայաստանի ֆինանսական շուկայի կայացման եւ, մասնավորապես, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիության բարելավման հարցերում՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ՎԶԵԲ աջակցությամբ գործող ներդրումային խորհրդի` որպես ՓՄՁ միջավայրի բարելավմանն ուղղված պետություն-մասնավոր երկխոսության արդյունավետ հարթակի կարեւորությունը։
ՎԶԵԲ ներկայացուցիչները վերահաստատել են բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված աջակցության տրամադրումը, ինչպես նաեւ ամրապնդելու ճանապարհային եւ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, կանաչ տնտեսության, քաղաքային միջավայրի բարելավման եւ երկուստեք կարեւորություն ներկայացնող մի շարք այլ ուղղություններով համագործակցությունը: