Ֆրանսիան և Գերմանիան համատեղ կաշխատեն գազի գնման ընդհանուր մեխանիզմների վրա
ԱշխարհՓարիզն ու Բեռլինը պայմանավորվել են համատեղ մշակել գազի գնման ընդհանուր մեխանիզմներ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա համապատասխան հայտարարությունն արել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո։ Ֆրանսիայի ղեկավարը նաև հավելել է, որ Գերմանիան կմիանա Բարսելոնա-Մարսել խողովակաշարի նախագծին։ «Բեռլինը գործընկեր կլինի ջրածնային ենթակառուցվածքների զարգացման մեր ռազմավարության մեջ», - ասել է նա:
Մակրոնի խոսքով՝ «Գերմանիան և Ֆրանսիան պետք է լինեն Եվրոպայի վերագործարկման առաջամարտիկները»։ Նա նշել է «նոր էներգետիկ մոդելի ստեղծման», «նորարարության և վաղվա տեխնոլոգիաների» խրախուսման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Եվրամիությունը «պաշտպանության, տիեզերքի եւ դիվանագիտության ոլորտում անկախ աշխարհաքաղաքական ուժ դարձնելու» ապահովումը։