Ինչ է հայտարարել դատարանում կալանքի տակ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․ ArmLur.am
ԻրավունքArmLur.am-ին հատնի դարձավ, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր Դավիթ Տոնոյանի եւ ԶՈւ պաշտոնյաների մասով հերթական նիստը, որտեղ Տոնոյանը հայտարարություն է արել:
«Այսօրվա դատական նիստի ավարտին Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց այն հիմնավորմամբ, որ ինքը երկար ժամանակ է՝ արդեն 1 տարի 4 ամիս, գտնվում է անազատության մեջ, մինչդեռ դատավոր Վահե Դոլմազյանը չի դրսևորում հատուկ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը, որը և՛ քրեադատավարական օրենսդրությամբ, և՛ վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրված պահանջ է, առավելապես սուբյեկտիվ պատճառներով դատական նիստերը ձգձգվում են, նշանակված դատական նիստերը սպասվածից շատ ավելի կարճատև են լինում՝ պատճառաբանելով դատարանի ծանրաբեռնվածությունը, իսկ դատավորի կողմնակալության մասին միջնորդությամբ նշվել է, որ դատական նիստերի ձգձգումները դատավորի կողմից դիտավորյալ են իրականացվում, որպեսզի կալանավորման միակ հիմքը՝ վկաների վրա ազդեցություն ունենալը, դեռևս անհնար լինի չեզոքացնել»,- գրում է կայքը: