Լավրովը քննարկել է «արդար բազմաբևեռ աշխարհակարգի» կառուցումը
ԱշխարհՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Մա Չժաոսյուն քննարկել են «արդար բազմաբևեռ աշխարհակարգի» կառուցումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
«Վերահաստատվել է մտադրությունը՝ ամուր պաշտպանել երկու երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունը, զարգացման շահերը, համատեղ կառուցել ավելի արդար, ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգ»,- ասվում է հայտարարության մեջ։
Դիվանագետները նշել են, որ Ռուսաստանի և Չինաստանի երկկողմ համագործակցությունը ՄԱԿ-ի, ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և այլ կազմակերպությունների շրջանակներում «լիովին համապատասխանում է երկու երկրների միջև գործընկերային և վստահության վրա հիմնված հարաբերություններին»:
Բացի այդ, Լավրովն ու Չժաոսյուն ընդգծել են, որ Մոսկվան և Պեկինը չեն ընդունում «առճակատման քաղաքականությունը, առանձին երկրների՝ այլ պետությունների ներքին գործերին միջամտելը, դրանց զարգացումը պատժամիջոցներ կիրառելու միջոցով զսպելու փորձերը»։