Շոլցը հանդիմանել է Գերմանիայի դաշնակիցներին. FT
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հիասթափված է Կիևին տանկեր մատակարարելու հարցում Գերմանիայի դաշնակիցների դիրքորոշումից, գրում է Financial Times-ը:
Մյունխենի անվտանգության համաժողովում Շոլցին հարցրել են, թե արդյո՞ք նա այժմ դրդում է այլ երկրներին ծանր սպառազինություն մատակարարել Կիևին, թեև նախկինում նրան քննադատում էին այս հարցում անվճռական լինելու համար:
Շոլցը պատասխանել է, որ այժմ այս հարցը պետք է ուղղվի այլ երկրներին։ «Հատկապես նրանց, ովքեր այդքան խիստ հորդորում էին ինձ գործել»,- մանրամասնել է կանցլերը։
Ըստ FT-ի՝ կանցլերի արձագանքը հիմնված է գործընկերների նկատմամբ Գերմանիայի աճող հիասթափության վրա, քանի որ Շոլցը մի քանի ամիս ճնշման տակ է գտնվում Leopard տանկեր մատակարարելու համար:
Միևնույն ժամանակ, այն բանից հետո, երբ Բեռլինը համաձայնեց Կիև ուղարկել 14 Leopard 2 տանկ, ոչ բոլոր երկրները դիմեցին նման քայլի։ Շոլցը նշել է, որ ինքը, ինչպես նաև Գերմանիայի կառավարության անդամները, դաշնակիցներին կոչ կանեն կատարել իրենց պարտավորությունները։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական կողմին զենք մատակարարելու հարցում տաբու չի կարող լինել։