Հայաստանում 100 հազարից ավելի մարդ է վարակված վիրուսային հեպատիտով
ՀասարակությունՀեպատիտ C-ի կրողների թիվը կազմում է Հայաստանի բնակչության մոտավորապես 4 տոկոսը՝ շուրջ 66 հազար մարդ, իսկ հեպատիտ B-ով հիվանդացածների թիվը ավելի քան 46 հազար է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը` ներկայացնելով հիվանդացության վիճակագրությունը։
«Հեպատիտ B-ի դեպքում դեռևս վերջնական ապաքինում չի դիտարկվում, բայց ունենք վիրուսի կայունացում, այսինքն` վիրուսի ընկճում, ինչը նպաստում է թե՛ լյարդի ախտահարման, հիվանդության պրոցեսի կասեցմանը, թե՛ կասեցնում է վիրուսի տարածումը»,- նշեց Աթոյանը։
Աթոյանը հեղաշրջումային համարեց հեպատիտ C-ով հիվանդների համար ուղիղ ազդեցության հակավիրուսային դեղերի հայտնաբերումը, ներմուծումն ու կիրառումը, որոնք թույլ տվեցին 95 տոկոս և ավել արդյունավետությամբ հասնել ապաքինման:
Աթոյանը հիշեցրեց, որ հեպատիտ C-ի համար նախատեսված դեղորայքն անվճար է տրամադրվում։ Արդեն մեկ ամիս է` անվճար է նաև հիվանդության ախտորոշումը։ Ընդհանուր առմամբ, բուժումը տևում է 3 կամ 6 ամիս, 95 տոկոս և ավելի դեպքերում արձանագրվում է հիվանդության ամբողջովին ապաքինում։
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ընդգծեց՝ հուլիսի 28-ը նշվում է որպես Հեպատիտների միջազգային օր, որը սահմանվել է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Ըստ նրա՝ առիթն օգտագործվում է ներկայացնելու՝ ինչպիսի խնդիրներ կան հեպատիտների կանխարգելման, վերահսկման առումով և ինչ աշխատանքներ են տարվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։