Մենք միջամտում ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ փորձում ենք պաշտպանել Թուրքիայի շահերը․ Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք դեսպանների ամենամյա համաժողովում հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է շարունակել հակաահաբեկչական գործողությունները՝ արագացնելու Սիրիա և Իրաք փախստականների կամավոր վերադարձի գործընթացը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Անկարան կշարունակի գործողությունները, քանի դեռ «չի ավարտվել ահաբեկչությունը, որը սպառնում է Թուրքիայի և Իրաքի տարածքային ամբողջականությանը»։
«Թուրքիան ոչնչացրել է անջատողական կազմակերպության (Քրդստանի բանվորական կուսակցության - խմբ․) պլանները՝ Սիրիայում պետություն ստեղծելու համար։ Քանի որ Իրաքում և Սիրիայում իրավիճակը կայունանում է, փախստականների կամավոր և անվտանգ վերադարձի գործընթացը կարագանա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նրա կարծիքով՝ Թուրքիային վերջին տարիներին հաջողվել է վերածվել «միջազգային ասպարեզում խաղացողի, որի յուրաքանչյուր քայլին հետեւում են»։
«Մենք միջամտում ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ փորձում ենք պաշտպանել Թուրքիայի շահերը՝ միաժամանակ օգտագործելով դիվանագիտության բոլոր միջոցները, կոշտ և փափուկ ուժի տարրերը»,- ասել է Էրդողանը։