Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանը նոր տեղեկություններ է փոխանցել հարազատներին
ՀասարակությունՄարդու իրավունքների եվրոպական դատարանը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները, դրանք փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին․ այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի սոցցանցային էջից։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը ասաց` իրենց հայտնել են, որ Վագիֆ Խաչատրյանը պահվում է Բաքվի քննչական մեկուսարանի բժշկական բաժանմունքում․
«Առողջական վիճակը, իբր թե, այս պահի դրությամբ կայուն է, ինչի վրա խիստ կասկածում եմ։ Ասացին, որ դեղեր է ընդունում, սակայն նրա առողջական վիճակը այնպիսին է, որ դեղերը այս պահին չեն կարող օգնել»,- նշեց դուստրը։
Վերա Խաչատրյանի խոսքով` քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103 և 107 հոդվածներով` կոտորած, բնակչության բռնի տեղահանում և այլն․
«Վերադարձի վերաբերյալ ասում են` քանի որ այս պահին գործը գտնվում է դեռևս քննչական փուլում, իրենք չեն կարող հստակ տեղեկություն տալ։ Իրավական բոլոր կողմերով արվում է ամեն բան վերադարձի համար»,- նշեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը։