Ուկրաինական հատուկ ծառայությունները Ռուսաստանի տարածքում բավականին արդյունավետ ցանց ունեն. Զելենսկու գրասենյակ
ԱշխարհՈւկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը խոստովանել է, որ Ռուսաստանում գործում է ուկրաինական հատուկ ծառայությունների ցանց՝ պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչություն և Ուկրաինայի անվտանգության ծառայություն:
«Ուկրաինական հատուկ ծառայությունները՝ և՛ Գլխավոր հետախուզական վարչությունը, և՛ Անվտանգության ծառայությունը, բավականին արդյունավետ ցանց ունեն Ռուսաստանում»,- ասել է նա ուկրաինական 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետախուզական ծառայությունները կարող են օգտվել այս ցանցից։ Միաժամանակ, նա հավելել է, որ Ռուսաստանի տարածքում տեղի ունեցող «միջադեպերին» մասնակցում են որոշ «անհայտ դրոններ»։
Իր հերթին, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը «դադարեցնի ռազմական գործողություններն ու ահաբեկչությունները», «և նրա արևմտյան հովանավորները զենքով չզինեն Ուկրաինայի զինված ուժերին»։