Պատրաստ ենք անել ամեն ինչ հակամարտության դադարեցման համար. Լուկաշենկոն շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա առթիվ
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ և մաղթել խաղաղություն։ Ուղերձից հատվածներ հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք պետք է օգտագործենք մեր հարևանության արժեքը՝ հանուն հակամարտության դադարեցման, բելառուսական կողմը պատրաստ է անել ամեն ինչ, որ անհրաժեշտ է դրա համար և նույնիսկ ավելին»,- ասվում է ուղերձում։
Լուկաշենկոն նշել է, որ Ուկրաինայի և Բելառուսի ժողովուրդները, անկախություն ձեռք բերելով ավելի քան 30 տարի առաջ, ընտրել են զարգացման ինքնուրույն ուղիներ։ Նա ընդգծել է, որ ապագան կառուցելու համար անհրաժեշտ է անվտանգ հնարավորություններ ստեղծել ողջ տարածաշրջանի գոյության համար։
Բելառուսի ղեկավարը նշել է, երկու ժողովուրդների շատ սերունդներ ապրել են ներդաշնակ, հարգել միմյանց, առևտուր արել և ստեղծել ընտանիքներ, միասին պայքարել ֆաշիզմի դեմ և պատերազմից հետո վերականգնել ընդհանուր երկիրը։
Լուկաշենկոն Ուկրաինայի բոլոր բնակիչներին մաղթել է, որ որքան հնարավոր է շուտ խաղաղություն տիրի իրենց հողում։