Փարիզը պարզաբանումներ է պահանջել Իսրայելից Գազայում ֆրանսիական ինստիտուտի վրա հարձակման վերաբերյալ
ԱշխարհԳազայի հատվածում գտնվող ֆրանսիական ինստիտուտը ռմբակոծվել է Իսրայելի կողմից, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ–ի կոմյունիկեի մեջ՝ նշելով, որ Փարիզը բացատրություն է պահանջել Թել Ավիվից։
«Իսրայելի իշխանությունները մեզ տեղեկացրին, որ Գազայում գտնվող ֆրանսիական ինստիտուտը իսրայելական հարվածի թիրախ է դարձել: Մենք Իսրայելի իշխանություններից պահանջել ենք անհապաղ համապատասխան ուղիներով հայտնել այն էական փաստերը, որոնք դրդել են այս որոշմանը»,- ասվում է հաղորդագրության տեքստում։
Նշվում է, որ հարձակման ժամանակ ինստիտուտում Ֆրանսիայի քաղաքացիներ չեն եղել։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև մտահոգություն է հայտնել Գազայի խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ, որը հասել է մի քանի հազարի։
«Ֆրանսիան դատապարտում է հարձակումները ՄԱԿ-ի գրասենյակների և մարդասիրական անձնակազմի վրա, որոնց աշխատանքը կարևոր է Գազայի խաղաղ բնակչության համար, ինչպես նաև հարձակումները լրատվական բյուրոների վրա: Մենք Իսրայելից պահանջում ենք կոնկրետ միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար», - նշել է ԱԳՆ-ն։