Ռուսաստանը բախվում է քաղաքական մեկուսացման Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում․ Ստոլտենբերգ
ԱշխարհՌուսաստանը բախվում է քաղաքական մեկուսացման Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ ունենալիս ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ պատերազմներն իրենց բնույթով անկանխատեսելի են, և դժվար է կանխատեսել, թե ինչպես կշարունակվի պատերազմն Ուկրաինայում, և արդյոք Ուկրաինայում ռուսական կորուստները կհանգեցնեն փոփոխությունների Ռուսաստանի ներսում։
Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ սանձազերծված այս պատերազմում մինչև 300 հազար զինվորականների, հազարավոր զինտեխնիկայի և հարյուրավոր ինքնաթիռների կորուստը պետք է ինչ-որ բան նշանակի Ռուսաստանի և Ռուսաստանի սովորական քաղաքացիների համար։
«Երկրի տնտեսությունը փլուզվում է, նրանք ծանր տնտեսական գին են վճարում, Ռուսաստանը քաղաքականապես մեկուսացված է, նույնիսկ բախվում է քաղաքական մեկուսացման իր անմիջական հարևանությամբ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում», - ասել է նա: