Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ԱշխարհԱդրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թուֆեքչիի գլխավորած պատվիրակությանը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Հանդիպման ընթացքում Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությունը անշեղորեն զարգանում է։ Հատկապես ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը կառուցված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։
Թուֆեքչին գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ։ Նշվել է փոխադարձ վստահության և աջակցության վրա հիմնված երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։