Արդարադատության հարցերով եվրահանձնակատարը հայտարարել է՝ մինչև տարեվերջ «Պուտինի դեմ տրիբունալ» կստեղծվի
ԱշխարհԵվրամիությունը նախատեսում է հատուկ «տրիբունալ» ստեղծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, գրում է DW-ն։
Նման «տրիբունալ» հրավիրելու գաղափարն առաջացել է ուկրաինական կազմավորումների դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Եվրամիությունը Ռուսաստանի իշխանություններին մեղադրում է Ուկրաինայում մարտերի ընթացքում որոշակի «ռազմական հանցագործություններ» կազմակերպելու մեջ։ ԵՄ-ն պնդում է, որ պետության ղեկավարն անձամբ է պատասխանատու որոշակի «ռազմական հանցագործությունների» համար։
«Մենք այս տրիբունալի վերաբերյալ քննարկումներ ենք անցկացնում տարբեր միջազգային դերակատարների հետ։ Եվ հիմա դիտարկվում է երկու հիմնական տարբերակ՝ միջազգային տրիբունալ՝ հիմնված բազմակողմ համաձայնագրի վրա կամ պարզեցված լուծում՝ հիմնված Ուկրաինայի և Եվրոպայի խորհրդի միջև երկկողմ համաձայնագրի վրա»,- ընդգծել է արդարադատության հարցերով եվրահանձնակատարը։
«Միջուկային տերության ներկայիս ղեկավարի նկատմամբ «տրիբունալ» անցկացնելու գաղափարն ինքնին ծիծաղելի է թվում։ ԵՄ-ն երբեք այն կարողությունը չի ունենա, որ նույնիսկ փորձի նման դատական վճիռ իրականացնել Ռուսաստանի ղեկավարի դեմ»,-գրում է պարբերականը։