Իսրայելի արտգործնախարարը Հռոմում կքննարկի Գազայում իսրայելցի պատանդներին ազատելու հարցը
ԱշխարհԻսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը մեկնել է Հռոմ, որտեղ մտադիր է իր իտալացի գործընկերոջ և երկրի պաշտպանության, ներքին գործերի նախարարության ղեկավարների հետ քննարկել նաև Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատելու հարցը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի արտգործնախարարությունը՝ հավելելով, որ գերատեսչության ղեկավարի հետ Հռոմ է մեկնել նաև Գազայում պատանդների հարազատների պատվիրակությունը:
«Այցը նվիրված է առևանգվածներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի շարունակման համար միջազգային լեգիտիմության պահպանմանն ուղղված ջանքերին»,- նշել են Իսրայելի ԱԳՆ-ում։