Նորվեգիան հանել է Թուրքիայի դեմ սահմանած պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները
ՏեսանյութերԹուրքիայի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Օնջու Քեչելին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտի հետ։
Նորվեգիայի արտգործնախարարը հայտնել է, որ որոշում է կայացվել վերացնել Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները, որոնք Նորվեգիան 2019-ին կիրառել էր Թուրքիայի դեմ։ Դրան ի պատասխան՝ Հաքան Ֆիդանը ողջունել է նորվեգական կառավարության որոշումը և նշել, որ նման սահմանափակումները չէին համապատասխանում ՆԱՏՕ-ի դաշինքի ոգուն։
Նշենք, որ Նորվեգիա ու Թուրքիան ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքի անդամներ են։ Առաջինն անդամակցել է 1949 թվականին, երկրորդը՝ 1952 թվականին։
Հիշեցնենք, որ Նորվեգիան վերոհիշյալ սահմանափակման որոշում կայացրել էր այն բանից հետո, երբ Թուրքիան 2019-ին Սիրիայում սկսկել էր «Խաղաղության ակունք» օպերացիան։
Աղբյուր` 24news.am