Գլխավոր դատախազի խորհրդականը հերքում է Գառնիկ Դանիելյանին
Արտակարգ ՊատահարԳլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն անդրադարձել է սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ Դատախազության վերաբերյալ հայտարարություններին:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գառնիկ Դանիելյանը Դատախազության վերաբերյալ արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն՝ մասնավորապես նշելով. «Ես անցած անգամ էլ ասեցի՝ մարդկանց կադաստրի վկայականները ձեռները..., իմիջայլոց, Դատախազությունն էլ այդ կադաստրի վկայականները համարել է օրինական...»:
Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը վերոնշյալ կադաստրային վկայականների օրինականության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի արտահայտել և գնահատականներ չի տվել»,- գրել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Գառնիկ Դանիելյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր սահմանազատմանը՝ նշելով.
«Ես անցած անգամ էլ ասեցի՝ մարդկանց կադաստրի վկայականները ձեռները..., իմիջայլոց, Դատախազությունն էլ այդ կադաստրի վկայականները համարել է օրինական... Մարդը գույքից զրկվել է, ԵԱՀԿ քարտուղարության ուղեցույցում էլ ասվում է՝ պիտի առաջնորդվենք նրանով, որ ոչ մի կենսական նշանակություն ունեցող ճանապարհ, կամուրջ, որևէ մի բան չպետք է խախտի գյուղի կենսագործունեությունը: Հիմա մի տեղ խախտվել է գյուղի կենսագործունեությունը՝ կամուրջը չկա, ճանապարհը չկա»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ գյուղի կենսագործունեությունը լիարժեք է և ամբողջական: «Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հրապարակված է: Խորհուրդ եմ տալիս կարդալ, և այնտեղ Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- ասել է վարչապետը: