ՊԵԿ-ում կգործի տեղեկատվության ավտոմատ փոխանակման էլեկտրոնային համակարգ
ՏեսանյութերGlobal Forum OECD կազմակերպության շրջանակում ստանձնած՝ հարկային տեղեկատվության ավտոմատ փոխանակման պարտավորությունների կատարման նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:
Արդյունքում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կգործի տեղեկատվության ավտոմատ փոխանակման էլեկտրոնային համակարգը: Նոր համակարգի ներդրման արդյունքում կընդլայնվի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացվող այն տեղեկությունների շրջանակը, որոնք կարող են հարկման կամ հարկ վճարողների փոխկապակցվածության հանգամանքները բացահայտելու առումով ունենալ կարևոր նշանակություն և կօժանդակեն հարկային մարմնին հարկային ստվերի բացահայտման գործընթացում:
Համակարգի ներդրման արդյունքում առողջապահության նախարարության կողմից անաշխատունակության թերթիկների վերաբերյալ տեղեկատվությունը առցանց եղանակով կփոխանցվի Միասնական սոցիալական ծառայություն, վերջինս էլ՝ նպաստները հաշվարկելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտե առցանց հարցման միջոցով կստանա նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը և կիրականացնի նպաստի հաշվարկումն ու վճարումը։
Հարթակի օգնությամբ կիրականացվի հաշվարկված և վճարված նպաստների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում՝ հարկային մարմնի կողմից իրականացվող տարբեր վերլուծությունների կամ հարկային վարչարարության իրականացման նպատակով։