ՀՀ-ի և Տոգոյի արտաքին քաղաքական գերատեսչությունները քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
ԱշխարհՀուլիսի 29-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տոգոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, որոնք վարում էին ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանը և Տոգոյի Հանրապետության արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Մալեմդա Քամելեյը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և մշակութային ժառանգության պաշտպանության և բազմաթիվ այլ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը:
Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, ՀՀ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Աֆրիկայի տարածաշրջանի երկրների հետ ՀՀ համագործակցության առաջնահերթություներին։