Ուկրաինայի կողմից զինված սադրանքների իրականացման մեծ հավանականություն կա. Բելառուսի ՊՆ
ԱշխարհԲելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից զինված սադրանքների մեծ հավանականություն կա, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը խորհրդակցություն է անցկացրել ռազմական անվտանգության հարցերի շուրջ, որին մասնակցել է պաշտպանության գերատեսչության ղեկավար Վիկտոր Խրենինը։
«Իրավիճակը հարավային օպերատիվ ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Հաշվի առնելով սահմանամերձ շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների առկայությունը՝ մեր տարածքում զինված սադրանքների նախապատրաստման և իրականացման մեծ հավանականություն կա»,-ասել է Վիկտոր Խրենինը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը շարունակաբար հետախուզություն է իրականացնում, ինչի համար ակտիվորեն օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Բելառուսի օդային տարածքը խախտելու փորձերով։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ օգոստոսի 9-ին հանրապետության տարածքում ուկրաինական, ենթադրաբար գրոհային անօդաչու թռչող սարքեր են խոցվել, իսկ մի մասն էլ ռուս գործընկերները ոչնչացրել են Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Երկրի ղեկավարը սա սադրանք է անվանել՝ նշելով, որ սադրանքներն անպատասխան չեն մնա։