Ինչո՞վ են պայմանավորված մայրաքաղաքում հաճախակի հոսանքազրկումները․ պարզաբանում է ՀԾԿՀ նախագահը
ԱշխարհԵրևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում հաճախակի դարձած հոսանքազրկումները պայմանավորված են «Երևանի ՀԷԿ-1»-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Անդրադառնալով հաճախակի հոսաքազրկումների վերաբերյալ բնակիչների բողոքներին՝ Բաղրամյանը վստահեցրել է, որ բոլոր հարցերը կարգավորված են՝ ըստ համապատասխան կանոնների։
«Ինչ վերաբերում է հոսանքազրկումների քանակի ավելացմանը, ապա կոնկրետ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում վերջին երկու ամսում ունենք անջատումների քանակի ավելացում, ինչը պայմանավորված է «Երևանի ՀԷԿ-1»-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հիմնական էլեկտրասնուցման գծի անջատմամբ»,- ասել է Բաղրամյանը՝ հավելելով, որ խնդիրը մոտակա օրերին կլուծվի։