ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Կուրսկի ատոմակայան
ԱշխարհՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին օգոստոսի 26-ին Վիեննայից կմեկնի Ռուսաստան, իսկ հաջորդ օրը կայցելի Կուրչատով քաղաք և Կուրսկի ատոմակայան։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Վիեննայում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Ռուսական կողմի պնդմամբ՝ օգոստոսի 22-ի գիշերը ուկրաինական ուժերը փորձել են գրոհել Կուրսկի մարզի Կուրչատովում տեղակայված ատոմակայանը՝ օգտագործելով կամիկաձե անօդաչու թռչող սարք, որը չեզոքացվել է։
Գրոսսին Կուրչատով քաղաք և Կուրսկի ԱԷԿ կժամանի «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հրավերով։
Ավելի վաղ՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել էր, որ իր ուղևորության ընթացքում մտադիր է հանդիպել ատոմակայան ղեկավարության հետ և պարզել, թե արդյոք այն ենթարկվել է հարձակումների։