ՌԴ-ն մտադիր է խստացնել միգրանտների համար օրենսդրական պահանջները
ԱշխարհՌուսաստանի Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Պետդումային առաջարկներ է ուղարկել միգրանտների կողմից հանցագործությունների դեմ պայքարելու համար։ Այս մասին հուլիսի 19-ին հայտնել են գերատեսչությունից։
«Ձեռք բերված քաղաքացիությունից զրկելու առկա հիմքերի հետ մեկտեղ առաջարկվում է ավելացնել դիտավորությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստման, փորձի կամ կատարման փաստը», - ասվում է ՌԴ ՔԿ կայքում։
Բացի այդ, Բաստրիկինն առաջարկել է մի շարք միջոցներ մտցնել, որոնք կնպաստեն օտարերկրացիների նկատմամբ ավելի հստակ վերահսկողությանը։ Դրանց թվում առաջարկվում է երկիր մուտք գործող բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար սահմանել մեկ կամ մի քանի ֆիզիկական կամ վարքային հատկանիշներով մարդկանց ճանաչելու, մատնահետքերի և աշխատանքի ու բնակության վայրի թվային գրանցման համակարգ։ ՔԿ-ն առաջարկում է նաև ամբողջությամբ արգելել միգրանտների զանգվածային գրանցումը մեկ բնակարանում։
Բաստրիկինն ասել է, որ կան նաև առաջարկներ, որոնք որոշակի պարտականություններ կդնեն գործատուների վրա, որոնք ներգրավում են օտարերկրյա քաղաքացիներին։