Խտրական վերաբերմունք արցախցիների նկատմամբ. «Փաստ»
Աշխարհ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի այս պահի իշխանությունները տարբեր «ծրագրերով» ու միջոցներով ամեն ինչ անում են՝ ստիպելու բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին՝ դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչն ինքնին շատերի շրջանում անհանգստություն է առաջացնում, որ դրանով Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը վերջնականապես են ոչնչացնում Արցախի Հանրապետությունը, ուզում են մեկընդմիշտ փակել Արցախի թեման: Վերջին շրջանում մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ արցախցիներին որևէ արժանապատիվ աշխատանք չեն առաջարկում, հատկապես պետական մարմիններում բավական խտրական վերաբերմունք են դրսևորում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ խնդիրն իսկապես առկա է, և ամենաբարձր մակարդակով կարգադրվել է արցախցիներին թեկուզ մի փոքր «պաշտոն հիշեցնող» աշխատանքի չնշանակել, եթե նույնիսկ թեկնածուները Արցախում լուրջ պաշտոն են զբաղեցրել և բավական բարձրակարգ մասնագետներ են: Նրանց առաջարկվում է միայն, այսպես կոչված, «սպասարկող» աշխատանք, ընդ որում՝ ոչ միայն պետական հաստատություններում, այլև այն կազմակերպություններում, որտեղ իշխանություններն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն:
Թերթի տեղեկություններով, արցախցիներին տարբեր խողովակներով հասկացնում են, որ «մի փոքր» բացառություն կլինի նրանց նկատմամբ, ովքեր կստանան ՀՀ քաղաքացիություն: Սակայն, միևնույն ժամանակ, զգուշացրել են, որ շատ լուրջ ակնկալիքներ չունենան: