Համակարգիչներ են առգրավել. երևի թե GG-ն չկարողանա շարունակել աշխատանքը. փաստաբան
ԱշխարհGG-ի գրասենյակում Քննչական կոմիտեի տնտեսական վարչության կողմից իրականացվող խուզարկությունը գրեթե ավարտվել է, այս պահին թղթաբանությունն է իրականացվում: Այս մասին այսօր ՝ հունիսի 15-ին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Գրասենյակից առգրավել են գրեթե բոլոր համակարգիչները. դրանց բացակայության պատճառով կազմակերպությունը չի կարող շարունակել աշխատանքը»,-ասաց փաստաբանը:
«Խուզարկությունը իրականացվում էր քրեական վարույթի շրջանակում, որն իրենց ասելով, նախաձեռնվել էր դեռևս նախորդ տարի: Սակայն ես սա համարում եմ քաղաքական հետապնդում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կազմակերպության հիմնադիրը երեկ գրառում էր կատարել և հայտնել իր քաղաքական դիրքորոշումը: Դրանից հետո արշավ սկսվեց նրա դեմ, սկսեցին կոչ անել քաղաքացիներին չօգտվել GG-ի ծառայություններից: Կարծում եմ՝ սրանով նաև ցանկանում են կոչ անել մյուս գործարարներին՝ խուսափել քաղաքական կարծիքի արտահայտումից: Սա չի կարող պատահականություն լինել՝ հատկապես, որ խուզարկությունն իրականացվում է շաբաթ օրը»,-հավելեց Սերգեյ Հարությունյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ GG-ի գրասենյակում խուզարկություն է իրականացվում: