ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը։
Պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը վերաքննիչ բողոքով պահանջում են բեկանել ս․թ․ հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր Վահե Միսակյան) կայացրած վճիռը, որով Վազգեն Մանուկյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով։
Պաշտպանները վերաքննիչ քրեական դատարանից ակնկալում են նոր դատական ակտի կայացում, որով Վազգեն Մանուկյանը կարդարացվի։
Էրիկ Ալեքսանյանը, դատարանում հիմնավորելով պաշտպանների պնդումը, նշել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը քաղաքական է, որը հստակ տարանջատում է պահանջում նման իրավիճակներում, ինչն ամրագրված է նաև միջազգային կոնվենցիաներով։
«Դատարանը հավուր պատշաճի չի գնահատել նրա խոսքը և հայտարարությունները, հաշվի չի առել Վազգեն Մանուկյանի անձը, քաղաքական դերակատար լինելու հանգամանքը, նրա քաղաքական դերակատարությունը Հայաստանի պատմության մեջ»,-ընդգծել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Դատական նիստը կշարունակվի ս․թ․ նոյեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից