Գործարարը, ով մեղադրվում էր կնոջ սպանության մեջ , մահացել է կալանավայրում
ԱՄՆ
Դեյվիդ Կնեզևիչը, ամերիկացի գործարար, ով մեղադրվում էր իր կնոջ՝ Աննա Մարիա Կնեզևիչ Հենաոյի առևանգման և սպանության մեջ, երկուշաբթի առավոտյան մահացել է Մայամիի դաշնային կալանավայրում։ Նրա փաստաբանը հայտնել է, որ մահվան պատճառը, ըստ ամենայնի, ինքնասպանություն է։ Կնեզևիչը սպասում էր դատավարությանը, իսկ գործը լայնորեն լուսաբանվում էր միջազգային մամուլում։ Նրա կինը՝ 40-ամյա Աննա Կնեզևիչը, անհետացել էր 2024-ի փետրվարին Մադրիդում։ Նրա մարմինը մինչ այժմ չի հայտնաբերվել։
Դաշնային գործակալները նշում են, որ Կնեզևիչը 6 օր առաջ Մայամիից մեկնել էր Թուրքիա, այնուհետև Սերբիա, որտեղից վարձել էր ավտոմեքենա։ Տեսախցիկները նրան ֆիքսել են Մադրիդի տեխանվտանգության խանութում՝ նույն օրը, երբ կինը անհետացել էր։ Նրա վարձակալած մեքենան վերադարձվել էր՝ անցնելով ավելի քան 7,700 կմ։ Տեսանյութում տեսել են մի տղամարդու՝ մոտոցիկլետի սաղավարտով, ով մտել է կնոջ շենք, ապա դուրս բերել ճամպրուկ։ Դատախազությունը պնդում է, որ դա հենց Դեյվիդ Կնեզևիչն էր։
Զույգը գտնվում էր բազմամիլիոնանոց գույքի շուրջ վիճահարույց ամուսնալուծության փուլում։ Թեև պաշտպանությունը պնդել էր, թե բաժանումը խաղաղ ընթացք ունի։ ԱՄՆ Դաշնային բանտային ծառայությունը հաստատել է՝ Կնեզևիչը գտնվել է անգիտակից վիճակում առավոտյան 8-ին։ Փրկարար գործողությունները ձախողվել են,հայտնում է CNN-ը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին