Վրացական կողում կուտակումների շուտափույթ կարգավորումից հետո կկազմակերպվի հայկական բեռնատարների պատշաճ բացթողումը անցակետից. ՊԵԿ
Հասարակություն
ՊԵԿ-ն անդրադարձել է որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանը, համաձայն որի՝ ՀՀ մաքսային ծառայություններն արգելել են հայկական կոնյակի արտահանումը` թույլ չտալով կոնյակով բարձված բեռնատարները հատեն հայ-վրացական սահմանն ու դուրս գան Հայաստանից:
ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։
«Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ ՊԵԿ-ը գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից՝ վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումը անցակետից»,- հայտնեց ՊԵԿ մամուլի խոսնակը։
