Վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովվմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հասարակություն
Քիչ առաջ Հայաստան վերադարձած Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն օդանավակայանի առջեւ ուղերձով դիմեց իրեն աջակցելու համար եկած հազարավոր քաղաքացիներին։
«Գիտեմ՝ որ եկել եք ձեր վրդովմունքը հայտնելու վերջին օրերին վարչապետի կողմից եկեղեցու և եկեղեցականների հասցեին արված արտահայտությունների առնչությամբ։ Գիտենք, որ այդ արտահայտությունները, հնչեցված վարչապետի կողմից, համընդհանուր վրդովմունք են առաջացրել, հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Ամուր մնացե՛ք, ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո հավատարմության մեջ։ Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել ևս պարտավորեցնում է մեզ՝ եկեղեցականներիս, մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ իրականացնել։ Մեր հորդորը պիտի լինի, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահեք միաբանությունը ազգային մեր կյանքում, թույլ չտա՛ք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն մեր ազգային միասնությունը։ Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով, կարողությունների մեկտեղումով կկարողնանանք դիմակայել բոլոր փորձություններին, հաղթել բոլոր դժվարությունները։ Աստված օգնական մեր ժողովրդին, այսօր և հավիտյանս»,– ասաց Վեհափառը։
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ հավաքված հարյուրավոր քաղաքացիները ծափերով դիմավորեցին Հայաստան վերադարձած Գարեգին Երկրորդին՝ այս կերպ իրենց աջակցությունը հայտնելով Վեհափառին եւ եկեղեցուն։
Նշենք, որ այս պահին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին և իրենց զորակցությունը հայտնելու նրան։
