Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի
Հայաստան
Հայաստանում կիրականացվի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագիր, որը բազմազավակ ընտանիքներին հնարավորություն կտա ձեռք բերել բնակարան կամ կառուցել սեփական տուն՝ հիփոթեքային վարկի 100 տոկոս սուբսիդավորմամբ։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 5-ին՝ ՀՀ կառավարության նիստում։
Ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար շահառուներին կտրամադրվի 4 մլն դրամ (մոտ 11 հազար դոլար - խմբ.)՝ ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով։
Եթե ընտանիքը նախապատվությունը տա գյուղական բնակավայրին, ապա ամբողջ ընտանիքին լրացուցիչ կտրամադրվի ևս 4 մլն դրամ, որը կարող է ուղղվել բնակելի տան կառուցմանը, կառուցապատման համար նախատեսված կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերմանը։
Կանխավճարը կկազմի 0%, իսկ մարման ժամկետը՝ 120 ամիս։ Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում տրամադրված աջակցության գումարը չի կարող բռնագանձվել, արգելադրվել կամ հաշվանցվել այլ պարտավորությունների դիմաց։
Որոշմամբ սահմանվել է նաև ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի նվազագույն բնակելի մակերեսը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 10 քառակուսի մետր։
Շահառու է համարվում 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող անձը։ Ընդ որում, շահառուի ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
Անձը համարվում է շահառու, եթե նա և երեխաները նույնականացվում են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Եթե երեխայի ծննդյան պետական գրանցումը կատարվել է օտարերկրյա պետությունում, ապա ծնողը շահառու է ճանաչվում այն պայմանով, որ երեխային տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր։ Այս դեպքում երեխայի և ծնողի միջև ազգակցական կապը որոշվում է երեխայի անձնագրում նշված՝ ծնողների վերաբերյալ տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն՝ առկայության դեպքում) հիման վրա։
Շահառուն, ներառյալ յուրաքանչյուր երեխան, ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակում)։ Շահառուների (ամուսինների) հայտարարագրված տարեկան եկամուտների հանրագումարը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։
Եթե շահառուն հավակնում է աջակցություն ստանալ քաղաքային բնակավայրում, ապա ծնողներից առնվազն մեկը ծրագրին դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում պետք է հաշվառված լինի տվյալ բնակավայրում՝ բացառությամբ Երևանում հաշվառված կամ Հայաստանում հաշվառում չունեցող անձանց։ Վերջին երկու խմբերի շահառուները հավաստագիրը կարող են իրացնել ցանկացած մարզում։
Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում ձեռք բերված բնակարանը կամ կառուցված տունը վաճառելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։ Միևնույն ժամանակ, հիփոթեքի մարումից հետո գոյացած դրական մնացորդը հնարավոր կլինի օգտագործել ձեռք բերված անշարժ գույքի վերանորոգման, ինչպես նաև կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար։
Բացի այդ, հայտը ներկայացնելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում շահառուները չպետք է սեփականության իրավունքով ունենան 50 մլն դրամը գերազանցող կադաստրային արժեքով բնակելի անշարժ գույք կամ դրա ձեռքբերման գրանցված իրավունք՝ 50% և ավելի բաժնեմասով։
Ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հուլիսի 1-ից, իսկ հայտերը հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը։
Նախնական տվյալներով՝ Հայաստանում հաշվառված է վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող 643 ընտանիք (շուրջ 4300 երեխա)։
Հաջորդ 10 տարիների համար պետական բյուջեից կպահանջվի 31,9 մլրդ դրամ (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 90 մլն դոլար - խմբ.), եթե ծրագրում ընդգրկված բոլոր ընտանիքները դիմեն մասնակցության համար, և նրանց 50%-ը նախապատվությունը տա գյուղական բնակավայրերին։
Այս ծրագրի շահառուները չեն կարող օգտվել բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության այլ ծրագրերից։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է