Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորման
Աշխարհ
Իսրայելի կողմից ԱՄՆ-ից պատվիրված ռազմական տեխնիկայի արժեքը միլիարդավոր դոլարներով գերազանցում է Վաշինգտոնի կողմից այդ նպատակով հատկացվելիք միջոցները։ Ստեղծված իրավիճակը կարող է բարդացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելին ուղղակի ռազմական օգնությունը դադարեցնելու ծրագրերը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի՝ Կոնգրեսին ուղարկած փաստաթուղթը։
Փաստաթղթի համաձայն՝ 2028 թվականից հետո, երբ ավարտվի ԱՄՆ-ի և Իսրայելի միջև գործող 10-ամյա համաձայնագիրը, Իսրայելին շուրջ 10 միլիարդ դոլար կպահանջվի՝ ապրիլի 1-ի դրությամբ արդեն ձևակերպված, սակայն ամբողջությամբ չֆինանսավորված պատվերները վճարելու համար։
ԱՄՆ-ն առաջիկա երկու տարվա համար արդեն խոստացել է Իսրայելին տրամադրել տարեկան մոտ 7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Սակայն այդ միջոցների հատկացումից հետո էլ որոշ պատվերներ կմնան առանց ֆինանսավորման։
Գործող համաձայնագրով՝ Իսրայելը տարեկան ստանում է շուրջ 3.3 միլիարդ դոլար՝ ամերիկյան արտադրության ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։ Գործող մեխանիզմը թույլ է տալիս պատվերներ ձևակերպել նաև ապագայում խոստացված, բայց դեռ չփոխանցված միջոցների հաշվին։
Բացի այդ, 2024 թվականին՝ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, ԱՄՆ Կոնգրեսը հաստատել էր շուրջ 26 միլիարդ դոլարի լրացուցիչ աջակցություն։ Պետդեպարտամենտի՝ կոնգրեսական Խոակին Կաստրոյին ուղարկած նամակում նշվում է, որ չֆինանսավորված 10 միլիարդ դոլարի պատվերները կարող են վճարվել ռազմական ֆինանսավորման ծրագրի միջոցներով, Իսրայելի պետական բյուջեից կամ երկու աղբյուրների համադրությամբ։ Այսպիսով՝ դեռ հստակ չէ՝ ծախսերի որ մասն է ստանձնելու Վաշինգտոնը, և որը՝ Երուսաղեմը։
Այս բացահայտումը հաջորդել է Թրամփի՝ երեքշաբթի օրը հնչեցրած հայտարարությանը, թե մտադիր է դադարեցնել Իսրայելին տրամադրվող օգնությունը։ Այդ հայտարարությունը, ըստ տեղեկությունների, անակնկալի է բերել Իսրայելի պաշտոնյաներին, այդ թվում՝ պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ առաջարկել էր առաջիկա տասնամյակի ընթացքում աստիճանաբար վերացնել ԱՄՆ-ի ուղղակի օգնությունը։ Երկու երկրների պաշտոնյաները ամիսներ շարունակ քննարկել են աջակցության փուլային կրճատման հարցը։
Միաժամանակ ամերիկացի օրենսդիրները առաջ են մղում օրինագծեր, որոնցով նախատեսվում է ուղղակի դրամաշնորհներից անցում կատարել պաշտպանական ներդրումների, ինչպես նաև ռազմական տեխնոլոգիաների համատեղ մշակման և արտադրության։ Քննարկվում է այդ համագործակցությունը պաշտպանության քաղաքականության ամենամյա օրինագծում ներառելու հնարավորությունը։
Նախաձեռնության կողմնակիցները կարծում են, որ այն կհեշտացնի Պենտագոնի և Իսրայելի համագործակցությունը։ Քննադատները, սակայն, զգուշացնում են, որ դա Իսրայելին ավելի խորությամբ կներառի ԱՄՆ-ի մատակարարման շղթաներում և հետագայում կբարդացնի համագործակցության կրճատումը։
Գործող և նախկին պաշտոնյաների գնահատմամբ՝ օգնության կտրուկ դադարեցումը քիչ հավանական է՝ հաշվի առնելով, որ Կոնգրեսն արդեն իսկ պարտավորություններ է ստանձնել այդ միջոցների տրամադրման հարցում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է