Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է հանցավոր խմբավորմանը հովանավորելու մեջ
Իրավունք
Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության (SAPO) իրականացրած «Կարթագեն» գործողության շրջանակում բացահայտվել են կազմակերպված հանցավոր խմբավորումների և իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների ենթադրյալ կապերը։
«Kyiv Independent»-ի հետաքննության համաձայն՝ խարդախ զանգերի կենտրոնների գործունեությունն ուսումնասիրելիս քննիչները բացահայտել են մի ցանց, որը, ենթադրաբար, զբաղվել է նաև թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, կեղծ արժույթի տարածմամբ, բռնությամբ, շանտաժով և պետական վերահսկողության համակարգերի չարաշահմամբ։
Հետաքննության կենտրոնում հայտնվել են Անդրիյ Օսիպովը, որը հայտնի է «Հանցագործ» մականունով, և Եգոր Բուրկինը՝ «Մեքսիկոն»։ Ըստ քննիչների՝ նրանք կապեր են ունեցել կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ։ Բուրկինը, մասնավորապես, համարվում է «Խիմպրոմ» անդրազգային թմրացանցի հիմնադիրը, որը, ըստ հրապարակման, հնարավոր կապեր է ունեցել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հետ։ Բուրկինի գտնվելու վայրը հայտնի չէ, իսկ Օսիպովը ձերբակալվել է մեկ այլ՝ NABU-ի գործով։
Նրանց ենթադրյալ վերահսկողության տակ է եղել նաև U420 մանրածախ ցանցը, որի խանութներում վաճառվել են սինթետիկ կանաբինոիդներ և հոգեներգործուն նյութեր։ Քննիչների տվյալներով՝ ցանցը շրջանցել է արգելքները՝ պարբերաբար փոփոխելով նյութերի քիմիական կառուցվածքը։ Խմբավորումը, ըստ մեղադրանքի, փորձել է կաշառել այն ժամանակվա ներքին գործերի նախարար Իհոր Կլիմենկոյին և առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոյին՝ որոշ նյութերի արգելումը կանխելու համար։ Միևնույն ժամանակ NABU-ն հայտարարել է, որ Կլիմենկոն գործին ներգրավված չէ։
Հետաքննության համաձայն՝ հանցավոր ցանցը վերահսկել է առնվազն 52 խարդախ զանգերի կենտրոն, որոնցից յուրաքանչյուրն ամսական շուրջ 7 հազար դոլարի եկամուտ է ապահովել։ Դրանցում աշխատել է մոտ 2700 մարդ։ Խմբավորման ենթադրյալ անդամները, ըստ քննիչների, կաշառել են Ուկրաինայի անվտանգության ծառայության, ազգային ոստիկանության և գլխավոր դատախազության պաշտոնյաների՝ այդ նպատակով օգտագործելով նաև կրիպտոարժույթներ։ NABU-ի տվյալներով՝ մի քանի ամսվա ընթացքում դրանցից մեկ դրամապանակ է փոխանցվել ավելի քան 3,75 միլիոն դոլար։
Հետաքննության մեջ հիշատակվում է նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության (SBU) պետականության պաշտպանության վարչության նախկին ղեկավարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Դուկան։ NABU-ի վարկածով՝ նա աջակցել է հանցավոր ցանցին, Օսիպովին խորհուրդներ տվել՝ ինչպես խուսափել իրավապահների ուշադրությունից, և կապեր ապահովել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Դուկան հերքում է մեղադրանքները՝ գործը համարելով իր դեմ ուղղված հակակոռուպցիոն մարմինների վրեժխնդրություն։ Նոյեմբերի 4-ին նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն, ըստ հրապարակման, շարունակում է մնալ SBU-ի հետախուզական համակարգում։
Նույն օրը NABU-ի քննիչները Դուկայի բնակարանում խուզարկություն կատարելու փորձի ժամանակ, ըստ հրապարակման, բախվել են SBU-ի «Ալֆա» հատուկ ստորաբաժանման զինված աշխատակիցների դիմադրությանը և մի քանի ժամ պահվել այնտեղ։ Այդ ընթացքում Դուկան, ըստ մեղադրանքի, կացնով ոչնչացրել է հեռախոսներ և տվյալներ պարունակող սարքեր։
Հետաքննության շրջանակում ուսումնասիրվում են նաև նախկինում SBU-ի ղեկավար Վասիլ Մալյուկի և Օսիպովի ենթադրյալ կապերը։ Հրապարակման համաձայն՝ դրանց մասին վկայող խոսակցություններ են արձանագրվել։ Սկանդալն արդեն հանգեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ուշադրության սրմանը, իսկ սեպտեմբերին պաշտոնից ազատվել է գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 7-ին հայտարարել է, որ գործի լիարժեք քննության համար անհրաժեշտ կլինի նաև միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությունը։
«Kyiv Independent»-ը նշում է, որ SBU-ն Ուկրաինայի իրավապահ մարմիններից ամենաքիչ բարեփոխված կառույցներից է։ Եվրահանձնաժողովի նոյեմբերի 4-ի զեկույցում նույնպես արձանագրվել է, որ ծառայության բարեփոխման ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվել։ SBU-ի բարեփոխումը Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի պահանջներից մեկն է։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան