Իրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումը
Աշխարհ
Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայդին կարգադրել է սահմանափակել Իրաքյան Քրդստանի իշխանությունների ինքնուրույն լիազորությունները նավթի արտահանման հարցում՝ պահանջելով, որ հում նավթի և նավթամթերքի արտահանումն իրականացվի միայն Իրաքի դաշնային նավթի նախարարության թույլտվությամբ։ Միաժամանակ նա հրահանգել է դաշնային իշխանություններին վերահսկողություն ստանձնել Քրդստանի տարածաշրջանի բոլոր սահմանային անցակետերի նկատմամբ։
Նոյեմբերի 24-ին հրապարակված որոշումները հաջորդել են Իրաքի պետական «Հյուսիսային նավթային ընկերությունում» նավթի հնարավոր մաքսանենգության վերաբերյալ հետաքննությանը։ Կառավարության խոսնակ Սաբահ ալ-Նումանի փոխանցմամբ՝ վարչապետը հանձնարարել է նավթի նախարարությանը կառավարել Դիյալա, Քիրքուք, Սալահ ադ-Դին և Նինևե նահանգներում գտնվող այն նավթահանքերը, որոնք պատկանում են դաշնային գերատեսչությանը, բայց գտնվում են քրդական ուժերի անվտանգության վերահսկողության ներքո։
Բացի այդ, սահմանային անցակետերի դաշնային վարչությունը պետք է ստանձնի Քրդստանի տարածաշրջանի բոլոր սահմանային անցումների կառավարումը։ Իրաքի սահմանապահ ուժերին հանձնարարվել է փակել միջազգային սահմանների չարտոնված անցումները, իսկ էներգետիկ ոստիկանությանը՝ վերահսկողություն հաստատել նավթահանքերի պահպանության նկատմամբ։
Որոշման շրջանակում վարչապետը նաև պաշտոնանկ է արել սահմանային անցակետերի վարչության ղեկավարին, կասեցրել «Հյուսիսային նավթային ընկերության» գլխավոր տնօրենի և նրա տեղակալների լիազորությունները։ Քիրքուքի մի շարք անվտանգության պաշտոնյաներ նույնպես հեռացվել են աշխատանքից՝ հետաքննության ընթացքում հայտնաբերված հնարավոր խախտումների պատճառով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը