Հոգեբանը հերքել է միջին տարիքի ճգնաժամի գոյությունը
Այլ
Միջին տարիքի ճգնաժամն իր ընդունված իմաստով՝ որպես մոտ 40 տարեկանում տրամադրության կտրուկ վատթարացման և կյանքից դժգոհության շրջան, չի հաստատվում գիտական տվյալներով։ Հետազոտությունները չեն բացահայտել ուղիղ կապ այդ տարիքին հասնելու և հոգեբանական բացասական փոփոխությունների միջև։ Այս մասին Women's Health ամսագրին տված հարցազրույցում հայտնել է հոգեբան Մարջի Է. Լախմանը։
Մասնագետի խոսքով՝ միջին տարիքը որպես անխուսափելի ճգնաժամ ընկալելն ինքնին կարող է վնասել մարդկանց։ Հասարակական կարծրատիպերը ստիպում են տարիքային փոփոխություններն ընկալել որպես անկման նշան, մինչդեռ իրականում դրանք պարտադիր չէ, որ նշանակեն առողջական վիճակի կամ կյանքի որակի վատթարացում։
«Նման պատկերացումները կարող են ազդել նաև բժշկական օգնության որակի վրա։ Օրինակ՝ բժիշկները կարող են 50 տարեկանից բարձր կնոջ գանգատները վերագրել տարիքային փոփոխություններին և անտեսել հիվանդության ախտանշանները։ Բացի այդ, հետազոտությունները ցույց են տալիս, որ ծերացման նկատմամբ մարդու վերաբերմունքը կապված է նրա առողջության և կյանքի տևողության հետ»,- նախազգուշացրել է մասնագետը։
Փորձագետի խոսքով՝ ծերացման գործընթացի նկատմամբ ավելի դրական վերաբերմունք ունեցող մարդիկ միջինում ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր տարեց հասակի վերաբերյալ բացասական կարծրատիպեր ունեն։
Միևնույն ժամանակ, Լախմանը չի հերքում, որ կյանքի միջնահատվածը հաճախ դառնում է արժեքների և կենսական նպատակների վերաիմաստավորման շրջան։ Սակայն այդ գործընթացը պարտադիր չէ, որ ուղեկցվի ծանր հուզական ցնցումներով, և կարող է համեմատաբար կարճ տևել։
Հոգեբանը միջին տարիքը համեմատել է մարզական հանդիպման ընդմիջման հետ. կարևոր իրադարձությունների մի մասն արդեն տեղի է ունեցել, սակայն խաղը դեռ չի ավարտվել։ Նրա կարծիքով՝ այս շրջանը պետք է ընկալել ոչ թե որպես անխուսափելի ճգնաժամ, այլ որպես անցած ճանապարհը գնահատելու և հետագա ցանկություններն ու նպատակները հստակեցնելու հնարավորություն։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար