Նշվել են բերանի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառները
Այլ
Բերանի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել ոչ միայն բերանի խոռոչի անբավարար հիգիենայով, այլև հարբուխով և քթի հարակից խոռոչների բորբոքումով։ Այս մասին Daily Mirror պարբերականին տված հարցազրույցում հայտնել է դեղագետ Ռեյչել Ջոնսը։
Մասնագետի խոսքով՝ սինուսիտի դեպքում լորձը կարող է հոսել կոկորդի հետին պատով։ Դա առաջացնում է գրգռվածություն, հազ, երբեմն էլ դառնում բերանի տհաճ հոտի կամ համի պատճառ։
«Մեկ այլ գործոն է քթի փակվածությունը։ Երբ մարդը դժվարանում է քթով շնչել, նա ավելի հաճախ է շնչում բերանով։ Դրա հետևանքով լորձաթաղանթը չորանում է, թքարտադրությունը նվազում է, իսկ տհաճ հոտը կարող է ուժեղանալ։ Թուքն օգնում է մաքրել բերանի խոռոչը և կանխել բակտերիաների բազմացումը, ուստի դրա պակասը նպաստում է տհաճ հոտի առաջացմանը»,- բացատրել է մասնագետը։
Ջոնսը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քթի հարակից խոռոչների բորբոքումը երբեմն ցավ է առաջացնում վերին աղորիքներում։ Հայմորյան խոռոչները գտնվում են անմիջապես այդ ատամների արմատների վերևում, ուստի այդ հատվածում ճնշումն ու բորբոքումը կարող են ընկալվել որպես ատամնացավ։
«Սինուսիտին բնորոշ մյուս ախտանշաններն են գլխացավը և ճնշման զգացողությունը ճակատի, այտերի ու աչքերի շրջանում։ Տհաճ զգացողությունները կարող են ուժեղանալ գլուխը և մարմինն առաջ խոնարհելիս»,- հայտնել է փորձագետը։
Վիճակը թեթևացնելու համար դեղագետը խորհուրդ է տվել բավարար քանակությամբ ջուր խմել և պահպանել բերանի խոռոչի հիգիենան։ Եթե տհաճ հոտը չի վերանում կամ ուղեկցվում է այլ ախտանշաններով, կարևոր է պարզել դրա պատճառը։ Այն կարող է կապված լինել ոչ միայն քթի հարակից խոռոչների հիվանդությունների, այլև ատամների և լնդերի խնդիրների հետ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար