Ստեղծվում է մի վիճակ, երբ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար. Ռոբերտ Քոչարյան
ՔաղաքականՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցների՝ անդրադառնալով Երասխում տեղի ունեցող գործողություններից։
«Երասխի դեպքերից հետո մենք ոնց որ մոռացել ենք, որ կա Սև լիճ, և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ։ Սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում էր Հայաստանի հետ և՛ պատրեազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան հատվածում։ Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք։ Արժանապատիվ պատասխան տալու հնարավարություն չունենք, և ցանկություն չունի երկիրը, և Ադրբեջանն իր օրակարգը առաջ է տանում նման կարգի դրսևորումներով»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը նաև չի հերքել, որ Երասխում տեղի ունեցող գործողությունները հնարավոր «խաղաղության պայմանագրի» նախապատրաստական իրադարձություններ կարող են լինել։
Նրա խոսքով` այսկերպ փորձ է արվում ստեղծել մի իրավիճակ, երբ հերթական փաստաթղթի ստորագրումը կարող է գնահատվել ոչ թե որպես դավաճանություն, այլ փրկություն։
«Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է մի վիճակ, երբ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը»,– ասել է Քոչարյանը` հավելելով, որ դա պլանավորված պարտության տեխնոլոգիա է։
Երկրորդ նախագահը չի բացառել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրում է պատրաստվում, որը, նրա որակմամբ, չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։
«Սա կնշանակի ուղղակի խաչ քաշել Հայաստանի ապագայի վրա»,– ասել է Քոչարյանը։