Քաղաքապետի հովանավորյալ տնօրենի օրինախախտումները
Վերջին լուրերՍեպտեմբերի 24-ին Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի նախկին ուսուցչուհի Գոհար Ստեփանյանը բաց նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասվում էր, որ իրեն անօրինական կերպով կրճատել են աշխատանքից:
Տարոն Մարգարյանից մինչ օրս պատասխան չի ստացվել: Սակայն այս դեպքը, ինչպես նաև թիվ 27 դպրոցն ու կրթական համակարգը, գտնվում են lurer.com-ի ուշադրության կենտրոնում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ թիվ 27 դպրոցում կրճատված 4 ուսուցիչներից Հայկը Սիմոնյանը դպրոցում աշխատել է միայն 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, սակայն կրճատման հրամանը տրվել է այս տարվա սեպտեմբերի 3-ին:
Այսպիսով հարց է առաջանում, թե ինչպես է ստացվում, որ փաստացի չաշխատող ուսուցչի՝ աշխատանքից ազատումն իրավաբանորեն ձևակերպվում է մոտ մեկ տարի անց։ Ոչ մեկի համար թերևս գաղտնիք չէ, որ եթե աշխատանքային պայմանագիրը լուծված չէ, ապա անձը համարվում է աշխատող, հետևաբար և վարձատրվում է, և այս դեպքում առաջ է գալիս տրամաբանական մեկ այլ հարց՝ ո՞վ է ստացել փաստացի չաշխատող ուսուցչի աշխատավարձը։
Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թ. 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանին՝ խնդրելով տրամադրել 2012թ. սեպտեմբերի 4-ի իր այն կրճատման հրամանի պատճենը, համաձայն որի՝ աշխատանքից ազատվել են Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թ. 27 դպրոցի հետևյալ ուսուցիչները՝ Սուսաննա Էլոյանը, Գոհար Ստեփանյանը, Սիլվա Մովսիսյանը և Հայկ Սիմոնյանը: ԻԱԿ-ը նաև խնդրել էր տեղեկացնել, թե նրանցից ով երբվանից է աշխատել դպրոցում:
Հոկտեմբերի 11-ին ԻԱԿ աշխատակիցը զանգել և անձամբ տնօրենից՝ Սուսաննա Սարգսյանից, ճշտել էր, որ ստացել են հարցումը: Ս. Սարգսյանը խոստացել էր պատասխանել ՏԱ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում: Սակայն առ այսօր՝ 22-ը հոկտեմբերի, որևէ պատասխան գրություն վերոնշյալ դպրոցից չի ստացվել:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հոկտեմբերի 22-ին ուղարկել է նույն հարցի վերաբերյալ կրկնակի հարցում, որի անպատասխան մնալու պարագայում Դ. Դեմիրճյանի անվան դպրոցն ու տնօրենը կհայտնվեն ԻԱԿ-ի «Սև ցուցակ»-ում, հնարավոր է՝ նաև դատարանում: Այս ամենի բացահայտումն արդեն պատկան մարմինների խնդիրն է։
Թիվ 27 դպրոցի դեպքի հետագա ընթացքին ու առհասարակ կրթական համակարգին հետևում է Lurer.com-ի սուր աչքը։ Առաջիկայում սպասվում են նոր բացահայտումներ։
Հ.Գ. Թիվ 27 դպրոցի տնօրենը հասցրել է շատերի մոտ հպարտանալ, որ ինքը Տարոն Մարգարյանի հովանավորյալն է: Այս պարագայում հարց է առաջանում՝ պարոն քաղաքապետը ոգևորվո՞ւմ է այն փաստից, որ իր հովանավորյալները խախտում են ՀՀ օրենքները:
Հ.Գ.1 Այսօր վերոնշյալ դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրություն. դպրոցի կառավարման խորհուրդը վերընտրել է տնօրենի միակ թեկնածու Սուսաննա Սարգսյանին: Եվս մեկ հարց. դպրոցի կառավարման խորհուրդը գիտե՞ր այս ամենի մասին, և եթե իմանա, ի՞նչ քայլեր կձեռնարկի: Իսկ ընդհանրապես ի՞նչ են այս մասին մտածում պատկան մարմինները...