Մարդկությունն ընդդեմ համակարգի
Բլոգոսֆերա
Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
99 տոկոսն ընդդեմ մեկ տոկոսի, այս հարաբերակցությունը պահպանվում է մարդկության պատմության ողջ ընթացքում, և այժմ ձևակերպվել է որպես համընդհանուր ընդվզում, ընդդեմ անհավասարության և սոցիալական անարդարության։ Մարդն ընդդեմ համակարգի հարաբերակցությունը հատկանշական է բոլոր հեղափոխությունների համար, երբ կառավարման տվյալ պահին գործող մոդելն իրեն սպառում է՝ փակում զարգացման հնարավորությունների խողովակները, դառնում ինքնաբավ, ինքնավերարտադրվում, միաժամանակ սպասարկելով նեղ, փոքր խմբի շահեր։ Արդյունքում՝ իշխանական, քաղաքական, տնտեսական մի խմբի՝ էլիտայի ձեռքում է հայտնվում երկրի հիմնական ռեսուրսը, որը շրջանառվում է միայն փոքրաթիվ, գրեթե 1 տոկոս կազմող շրջանակի ներսում։
Այդպես է եղել և ստրկատիրական, և ֆեոդալական, և տեղի է ունենում կապիտալիստական համակարգերի պայմաններում, և ի հայտ է գալիս համակարգի ներսում՝ փակ շրջանում շրջանառվող ռեսուրսների վերաբաշխման խնդիրը։ Հանրային ընդվզումները հենց այդ ռեսուրսներից օգտվելու իրավունքի համար է, և այն, ինչ կատարվում է «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժման շրջանակներում, արդեն կապիտալիստական գերզարգացած ու ինքնավերարտադրվող համակարգի դեմ ուղղված ընդվզում է։
Նման շարժման խթանիչն, իհարկե, տնտեսական ճգնաժամն էր, որի հետևանքով մարդիկ զրկվեցին աշխատանքից, անշարժ գույքից ու սոցիալական բոլոր երաշխիքներից: Սակայն այս իրադարձությունների ֆոնին իսկապես եկել է ժամանակը դիտարկելու կապիտալիզմ կոչվող համակարգի կենսունակության հնարավորությունն ու փորձել հասկանալ, հնարավո՞ր է այն պահպանել, թե հարկ է անցում կատարել նոր հանրային հարաբերությունների, որոնք հիմնված կլինեն առավել մարդասիրական, արդար և պատասխանատու հարաբերությունների վրա։ Դրա համար հարկ է վերհանել տնտեսական ճգնաժամի ողջ էությունը։ Երբ կարդում ես տնտեսագետների վերլուծությունները, դրանք տարաբնույթ են, սկսած մարդկային էության ագահ բնույթից, ինստիտուցիոնալ համակարգի անկատարությունից, պետական վերահսկողության թուլությունից, մինչև շուկայական տնտեսության պակաս էֆեկտիվություն, և անգամ երբեմն բերվում է մշակութային առանձնահատկությունների փաստարկը, իբր թե ճգնժամն անգլոսաքսոնական հիվանդություն է և չի հարվածի մեր տնտեսությանը։ Եվ մենք հաճախ ենք կարդում նման տեսակետներ ու տնտեսական վերլուծությունները, իբր Հայաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսության մասը չէ, և զարգացած կապիտալի շուկայում տեղի ունեցող ցնցումները մեզ չեն հարվածի։
Սակայն առավել լուրջ ու խորը տնտեսագիտական վերլուծությունը՝ Հրանտ Բագրատյանի, բոլորովին այլ լույսի ներքո է մեկնաբանում Հայաստանի ճգնաժամը, զուգահեռներ անցկացնելով Հունաստանի ճգնաժամի հետ, և կանխորոշելով, թե տեղային ճգնաժամը կլինի նույն սցենարով՝ ավելի ու ավելի ցավոտ տարբերակով, քանի որ Հայաստանի տնտեսությունն առավել թույլ է, իսկ հասարակությունն էլ՝ ավելի անապահով։ Այնպես որ՝ զարգացած, պակաս զարգացած, մենք բոլորս էլ գլոբալ ֆինանսական համակարգի մասն ենք, որի դեմ է դուրս եկել անմիջական հարվածներ կրած մարդկությունը։
Այդ ընդվզող հանրույթը վստահ է, որ առկա ճգնաժամը չի հաղթահարվելու, ծնելու է նորերը, անընդհատ, իրար հաջորդող ճգնաժամեր, որոնք առավել մեծացնելու են հասարակության շերտավորումն ու բևեռացումը։ Այդ է վստահեցնում նաև սոցիալական փիլիսոփա Դեվիդ Հարվին, ընդգծելով, որ այժմյան ֆինանսական ճգնաժամը մեծապես կապված է նախորդ ճգնաժամերի հետ։
Վերլուծելով 1970–ականների ճգնաժամը, նա նշում է, որ հիմնական խնդիրը աշխատանքի չափազանց մեծ իշխանությունն էր՝ կապիտալի վրա, իսկ ելքը՝ հարվածը և գործադրված ճնշումը աշխատանքի վրա։ Դա կատարվեց նեոլիբերալ դոկտրինի՝ Ռեյգանոմիկայի միջոցով՝ արտադրական ենթակառուցվածքների տեղափոխում դեպի էժան աշխատուժ։ Արդյունքում կապիտալիզմը կարողացավ մուտք գործել դեպի էժան աշխատուժի շուկաներ՝ օֆշորային գոտիներ՝ ողջ աշխարհով մեկ։ Արդյունքում՝ 1985-86 թվականներին ճգնաժամը հաղթահարվեց։
Սակայն արհմիությունների չափազանց ժլատության ու կապիտալի ծայրահեղ մեծ իշխանության պատճառով 70–ականներից տեղի ունեցավ աշխատավարձերի բարձրացման կանգ, այն դեպքում, երբ գնաճը շարունակական էր։ Այսինքն ռեալ եկամուտները կրճատվեցին, բայց չէ՞ որ աշխատավարձն այն փողն է, որով մենք գնում ենք ապրանք։ Եթե նվազում է եկամուտը, ապա առաջ է գալիս խնդիր՝ որտեղի՞ց առաջացնել պահանջարկ, երբ կա առաջարկի աճող վեկտոր։ Դրա պատասխանը տրվեց ցածր տոկոսադրույքներով կրեդիտային համակարգի ներդրման միջոցով, որն ասաց՝ չունես կանխիկ դրամ, կամ չի բավարարում, պարտք վերցրու՝ շահավետ տոկոսներով, ու կվերադարձնես։ Արդյունքում՝ վերջին 20-30 տարվա ընթացքում ամերիկյան և բրիտանական տնային տնտեսությունների մեծ մասն անշարժ գույքի շուկայում առավել քան եռապատկել է իր պարտքը։
Այստեղ գալիս ենք մի կարևոր եզրահանգման. կապիտալիզմը երբեք կանգ չի առնում, որպեսզի խթանի պահանջարկն ու անընդհատ մեծացնի առաջարկը։ Ու այդ իսկ պատճառով երբեք չի կարողանա լուծել ճգնաժամերի խնդիրը, դրանք տարբեր հնարների միջոցով կարող են երկարաձգվել, տեղափոխվել աշխարհագրական տարբեր գոտիներ, մի երկրից մյուսը, սակայն կապիտալի կուտակման ընթացքը չունի վերջ։
Ըստ այդմ, ֆինանսական շուկայում անսահմանափակ իշխանությունը բարձրացնում է շուկայի խաղացողների ախորժակները, ծայրահեղ բևեռացում ստեղծելով հասարակության տարբեր շերտերի միջև։ Հարուստն առավել հարստանում է, ցանկացած ճգնաժամի պայմաններում, քանի որ քաղաքական որոշումները կայացվում են ի նպաստ ֆինանսական շուկայի խաղացողների. այդ համակարգի պահպանման ու վերարտադրման պայմաններում 90-ականներից հետո ԱՄՆ-ում ֆինանսիստների եկամուտները կտրուկ աճել են, այն դեպքում, երբ արտադրության եկամուտները կտրուկ նվազել են։
Այս պատկերին ու նման քաղաքականությանն են հակադրվում «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» բացօթյա ակցիաներին մասնակցող բազմությունները, որոնք ձևակերպեցին «Կապիտալիզմ-կաննիբալիզմ», «Մենք 99 տոկոսն ենք», «Սա այն աշխարհը չէ, որտեղ ես ուզում եմ ապրել»։
Այս շարժումը կտրուկ տարբերվում է այն մեթոդաբանությունից, որը կիրառվում է հրապարակային քաղաքականության մեջ։ Հրապարակային քաղաքականությունն առաջարկում է քվեարկել մեկ թեկնածուի, կամ կուսակցության օգտին, և բոլոր խնդիրները կլուծվեն: Ոչ, չեն լուծվի։ Իրավիճակային լուծումները միայն երկարաձգման փորձեր են լինելու, հեղափոխությունները՝ ևս։ Սա հեղափոխական լուծում չէ, որը կատարվեց սոցիալիզմի առաջին շինարարության ժամանակ, սա նոր պայմանների ստեղծման, նոր հարաբերությունների կարգավորման մեխանիզմների ձևավորման մարտահրավեր է։
Կուտակված գլոբալ խնդիրները կլուծվեն միայն այն դեպքում, երբ հանրային գիտակցության մեջ արմատավորվի միտումը, թե հանրությունը պետք է դառնա առավել պատասխանատու։ Հասարակության զարգացումը օր-օրի սոցիալիզմը դարձնում է ոչ միայն առավել նպատակահարմար կառավարման համակարգ, այլև՝ անխուսափելի, և այն նախանշվում է հենց մեր կյանքի օրոք, քանի որ մարդկանց անհրաժեշտ է տալ սոցիալական երաշխիքներ ապրելու համար, նաև հասարակությունը պետք է դառնա առավել պատասխանատու, իր ցանկացած անդամի հանդեպ, այդ են ապացուցում արդի աշխարհում առկա միտումները։ Եվ այն, որ ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ-ի առավել խոշոր գործարարները դիմել են կոնգրեսին՝ հարկային օրենսդրության վերանայման խնդրանքով, որպեսզի բարձրացվեն միլիարդատերերի ու միլիոնատերերի հարկերը, ապացույցն է նման շարժման արդյունավետության։ Քաղաքականությունը պետք է սպասարկի քաղաքացուն, անկախ նրա դասակարգային պատկանելությունից՝ սոցիալականացնելով պետական համակարգերը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու