Իրաքյան ուժերը Դիալա մարզում գյուղեր են ազատագրել
Աշխարհ
Իրաքյան ուժերը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների շրջանակում Իրաքի արևելքում գտնվող Դիալա մարզում մի քանի գյուղ են ազատագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ազատագրվել են Սուդուր, Նուֆել, Բլուր գյուղերը, ինչպես նաև Բաղդադի հարավում գտնվող Յուսիֆիա շրջանի որոշ տարածքներ: Արդյունքում ԻԼԻՊ-ի անդամները լուրջ կորուստներ են կրել: Իրաքյան ուժերը պատրաստ են շարունակել պայքարը մինչև Մանսուրիա շրջանի ազատագրումը: Բացի այդ, արդեն ռազմական գործողությունները շարունակվում են Ֆալլուջա և Ռամադի քաղաքներում ԻԼԻՊ-ի հենակետերի ուղղությամբ:
Տեղեկություններ կան այն մասին, որ Նինվե մարզի Ղաբաթ շրջանում օդային ռմբակոծության հետևանքով ԻԼԻՊ խմբավորման 75 անդամ են սպանվել: Բացի այդ, ռմբակոծվել են Անբար մարզի Հասիբա և Աբադի շրջանները, ինչի հետևանքով 25 ահաբեկիչներ են սպանվել:
Մյուս կողմից` ԻԼԻՊ խմբավորումը շարունակում է հանցագործություններ կատարել իրաքցիների հանդեպ: Բաղդադում ահաբեկչական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 18-ը` վիրավորվել:
Իրաքում իրավիճակը կտրուկ վատթարացել է ԻԼԻՊ խմբավորման հարձակումների պատճառով: Երկրի ընդհանուր տարածքի մեկ երրորդը վերահսկում է իսլամիստական խմբավորումը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել