Հազարավոր շոտլանդացիներ պահանջում են վերանայել հանրաքվեի արդյունքները
Աշխարհ
Անկախ Շոտլանդիայի կողմնակիցները կոչ են անում վերանայել հանրաքվեի արդյունքները՝ մատնանշելով ձայների հաշվման ընթացքում տեղ գտած կեղծումները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Guardian-ը: Տասնյակ հազարավոր շոտլանդացիներ համապատասխան պահանջագրեր են ստորագրում համացանցում:
Այս նյութի հրապարակման պահին Change.org պորտալում զետեղված հանրագիրն ստորագրել էր ավելի քան 88 հազար մարդ: Դրա հեղինակները նշում են հանրաքվեի ընթացքում «կեղծումների անհաշիվ վկայությունները» և պահանջում են նոր քվեարկություն անցկացնել՝ «անաչառ միջազգային կողմերի» ներգրավմամբ:
«Եթե նենգափոխումների թեկուզև նվազագույն կասկածներ կան, ես կցանկանայի մանրակրկիտ հետաքննություն,- մեկնաբանել է ստորագրած բնակիչներից մեկը:- Ես չեմ հավատում, որ այդքան քիչ «կողմ» ձայներ են տրվել, խնդրում եմ վերահաշվեք և հաստատեք, որ արդյունքները ճիշտ են, այլապես ես չեմ հանգստանա»:
38degrees.org.uk կայքում հրապարակված հանրագիրը ավելի քան 62 հազար կողմնակից ունի: Դրա հեղինակները պահանջում են «հետաքննել ձայների հաշվման ընթացակարգը» և «թույլատրել բոլոր ձայների անկախ հաշվումը»:
Թագավորության իշխանությունները մերժում են առաջադրված մեղադրանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը