Կայքի թողարկման պատասխանատուին կանչել են հարցաքննության
Իրավունք
Քիչ առաջ Լուրեր.com-ի խմբագրություն զանգահարեց մի տղամարդ, ով ներկայացավ Ռազմական ոստիկանությունում խոշտանգված զինծառայողի ծնող: Նա սկզբում հետաքրքվեց, թե ով է գրել, որ իր տղային ծեծել են: Մենք, բնականաբար, հրաժարվեցինք բացել մեր աղբյուրի անուն-ազգանունը: Վերջինս շարունակեց, որ ճիշտ է իր տղայի վրա կապտուկներ կան, բայց տղան սայթաքել-ընկել է ու ոտքն է կոտրել, իսկ կապտուկներն ընկնելուց են առաջացել: Մենք առաջարկեցինք նրան ներկայանալ անուն-ազգանունով եւ ներկայացնել իր ասելիքը: Սակայն վերջինս, լսելով մեր այդ առաջարկը, անմիջապես անջատեց հեռախոսը:
Ավելացնենք նաեւ, որ շուրջ երկու ժամ է, ինչ Լուրեր.com-ի թողարկման պատասխանատու Արթուր Մինասյանը ՀՀ ՊՆ քննչական վարչությունում է: Նրան կանչել են պարզաբանումներ տալու՝ կապված համապատասխան հրապարակման հետ:
Հիշեցնենք, որ կայքն առաջինն էր ահազանգել այն մասին, որ Քանաքեռի զորամասից ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել մի խումբ զինծառայողներ, որոնք ռազմական ոստիկանությունում դաժան ծեծի են ենթարկվել։ Զինծառայողներին ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանն ու քրեական հետախուզության աշխատակից Հարություն Ոփանյանը։
Ծեծի ենթարկված զինծառայողներից հատկապես տուժել է Արսեն Գրիգորյանը, որը մարմնական վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում։ Միջադեպը կոծկելու նպատակով՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար, Ա. Գրիգորյանին արձակուրդ են տրամադրել, որպեսզի վերջինս իր բուժումն անցնի տնային պայմաններում։ Ա. Գրիգորյանը Սևան քաղաքի բնակիչ է։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում