Կայքի թողարկման պատասխանատուից քննիչը փորձել է պարզել տեղեկատվության աղբյուրը
Իրավունք
Լուրեր.com էլեկտրոնային լրատվական կայքի թողարկման պատասխանատու Արթուր Մինասյանն այսօր կանչվել էր ՀՀ ՊՆ քննչական վարչություն՝ պարզաբանում տալու նախօրեին կայքում հրապարակված այն տեղեկատվության վերաբերյալ, որ Քանաքեռի զորամասից ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել մի խումբ զինծառայողներ, որոնք ռազմական ոստիկանությունում դաժան ծեծի են ենթարկվել։
Հիշեցնենք, որ հղում անելով Ռազմական ոստիկանության մեր աղբյուրներին, ավելի վաղ հաղորդել էինք, որ զինծառայողներին ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանն ու քրեական հետախուզության աշխատակից Հարություն Որփինյանը; Միջադեպը կոծկելու նպատակով՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար, Ա. Գրիգորյանին արձակուրդ են տրամադրել, որպեսզի վերջինս իր բուժումն անցնի տնային պայմաններում։ Ա. Գրիգորյանը Սևան քաղաքի բնակիչ է։
Քննիչն Ա. Մինասյանից փորձել է պարզել Ռազմական ոստիկանության աղբյուրի տվյալները: Հղում անելով Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին՝ կայքի թողարկման պատասխանատուն, իրացնելով իր իրավունքը, հրաժարվել է քննիչին հայտնել տեղեկատվության աղբյուրի տվյալները:
Նշենք, որ Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն լրատվական գործունեություն իրականացնողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, և այդ կարող է պարտադրվել միայն դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում