Դպրոցի տնօրենը յուրացրել է ՌԴ–ում գտնվող իր նախկին աշխատակցի 4 ամիսների աշխատավարձը
Իրավունք
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացում կատարելու համար:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Լոռու մարզի Անտառամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 1996 թվականից աշխատելով հիշյալ դպրոցում, հաստատապես իմանալով նույն դպրոցի գրադարանավարի կողմից աշխատանքից ազատվելու կապակցությամբ դիմում ներկայացնելու եւ ՌԴ-ում գտնվելու հանգամանքի մասին, չեղյալ չի համարել վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը եւ 2011թ. մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում աշխատավարձի վճարման ցուցակներում կեղծել է նրա ստորագրությունը՝ յուրացման եղանակով հափշտակելով գումար:
2011թ. սեպտեմբերի 8-ին «Լոռու մարզի Անտառամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի միջոցներով «Պլազմա-Վան» ՍՊ ընկերությունից հիշյալ դպրոցի տնօրենը ձեռք է բերել կենցաղային տեխնիկա, սակայն դրանք տեղադրել է իր տանը:
Բացի այդ, իմանալով, որ իր տղայի կինը՝ նույն դպրոցի հաշվապահը, աշխատանքի չի հաճախում, օժտված լինելով հանրակրթական դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությամբ, իր ընտանիքի անդամներին աշխատավարձ ստանալուն աջակցելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, անձամբ է կատարել հաշվապահի պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում