Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորը կոչ է արել ճանաչել հայերի ցեղասպանությունը
Վրաստան
Ախալքալաքից մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում, կոչ է արել ճանաչել ու դատապարտել հայերի ցեղասպանությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Խորհրդարանականը հայտարարել է, որ ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է ապագայում այդօրինակ հանցագործությունները կանխելու համար:
«Հարցը պատմական կարևորություն ունի: Մենք՝ ծագումով հայեր լինենք, թե այլ ազգերի ներկայացուցիչներ, Վրաստանի քաղաքացիներն ենք: Մենք նույն երկրի զավակներն ենք և պետք է հաշտ ու միասնական լինենք: Ուստի կարևոր է, որ պատմական իրադարձությունները ճիշտ գնահատվեն: Հուսով եմ, որ Հայաստանը և Թուրքիան ընդհանուր լեզու կգտնեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար: Հենց դրա համար էլ կարևոր է պատմության համարժեք գնահատականը: Այն, ինչ հարյուր տարի առաջ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, մինչ օրս էլ խորը վերք է հայ ժողովրդի համար: Հայերի ցեղասպանությունը ճանաչված է միջազգային բազմաթիվ կազմակերպությունների, Եվրախորհրդի, Եվրամիության և ուրիշների, ինչպես նաւե ԱՄՆ-ի և առաջատար այլ երկրների կողմից: Ես վստահ եմ, որ երբևիցե մենք կկարողանանք ընդհանուր դիրքորոշում մշակել պատմության այս ծանրագույն էջի շուրջ: Ցեղասպանության դատապարտումը կնպաստի ապագայում նման հանցագործություններից բոլոր ժողովուրդներին պաշտպանելուն:
Ես վստահ եմ, որ եթե ժամանակին դատապարտվեր հայերի ցեղասպանությունը, նման ողբերգություններ տեղի չէին ունենա աշխարհի տարբեր անկյուններում: Այդ հանցագործությունը չպետք է կրկնվի ոչ մի ժողովրդի նկատմամբ: Կոչ եմ անում բոլոր ժողովրդավարական երկրներին, որտեղ դեռևս դատապարտված ու գնահատված չէ այդ փաստը, ճանաչել ցեղասպանությունը, որպեսզի ապագայում կանխվի նման հանցագործությունը որևէ ժողովրդի դեմ»,- հայտարարել է Սամվել Պետրոսյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ