The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը
Աշխարհ
Ուկրաինան նոր հարձակումներ է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա՝ Ղրիմը Ռուսաստանին կապող կամուրջն ամբողջությամբ շարքից հանելու համար։
Ինչպես հայտնել է The Telegraph-ը՝ հղում կատարելով ուկրաինական ռազմական շրջանակների աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին հրամանատարությանը հանձնարարել է ոչնչացնել կառույցի մնացած հատվածը։
Նոյեմբերի 18-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը և թևավոր հրթիռները կամրջին հասցրել են ամենամասշտաբային հարվածներից մեկը 2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։ Արդյունքում՝ փլուզվել են ավտոճանապարհային քառագոտի հատվածն ու այն պահող կամարաձև կառուցվածքը, որը հայտնվել է Կերչի նեղուցում։ Դա էապես սահմանափակել է Ղրիմում զորքերի մատակարարումն ապահովելու Ռուսաստանի հնարավորությունները։
Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ «Նեպտուն» հրթիռները նաև լրջորեն վնասել են կամրջի ամրացված երկաթուղային հատվածը։
«Նախագահը ցանկանում է, որ կամուրջն ամբողջությամբ ավերվի», — պարբերականին ասել է ռազմական աղբյուրը՝ հավելելով, որ նոր հարվածներ են նախապատրաստվում։
Նոյեմբերի 18-ի գործողությունը բաղկացած է եղել յոթ փուլից, և դրա ընթացքում կիրառվել է սպառազինության 11 տարբեր համակարգ։ Ուկրաինական ուժերը նախ թուլացրել են կամրջի շուրջ ռուսական պաշտպանությունը, ապա անցել բուն կառույցին հարվածներ հասցնելուն։ Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրթիռային բրիգադը կիրառել է «Նեպտուն» հականավային թևավոր հրթիռներ՝ դրանք արձակելով երկրի հարավում տեղակայված շարժական կայանքներից։
The Telegraph-ի տվյալներով՝ առաջին հարվածներից հետո ուկրաինացի զինվորականները հայտնաբերել են, որ ավտոճանապարհային ծածկի մի հատվածն ու հենակամարը փլուզվել են և հայտնվել նեղուցի մեջ։ Հաջորդ գիշեր հրթիռները կրկին կիրառվել են երկաթուղային հատվածի դեմ, որը նախատեսված է բեռնատար գնացքների ծանրաբեռնվածությանը դիմակայելու համար։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ ուրբաթ օրվա հետախուզական ամփոփագրում նշվել է, որ հարձակումներից հետո կամրջի ավտոճանապարհային հատվածը երթևեկության համար դարձել է ոչ պիտանի։
Միաժամանակ, գերատեսչության գնահատմամբ, երկաթուղային գծերից մեկը, հավանաբար, դեռ կարող էր օգտագործվել։ Կառույցի փլուզումը նաև փակել է Ազովի և Սև ծովերի միջև ծովային ուղիները՝ մինչև ջրատարածքի մաքրումը։
Ղրիմի կամուրջը, որի երկարությունը մոտ 19 կիլոմետր է, կառուցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ 2014 թվականին և բացվել 2018-ին։ Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան բազմիցս փորձել է այն շարքից հանել։
«Նեպտուն» հրթիռները, որոնք ուկրաինական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոն մշակել է խորհրդային հականավային տեխնոլոգիաների հիման վրա, հայտնի են դարձել 2022 թվականին՝ ռուսական «Մոսկվա» հածանավի խորտակմանը հանգեցրած հարվածից հետո։ Ավելի ուշ ստեղծվել է ցամաքային թիրախները խոցելու համար նախատեսված տարբերակ։
Պարբերականի տվյալներով՝ «Նեպտունի» կատարելագործված հեռահար տարբերակը կարող է խոցել մինչև 1 000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ։ Հրթիռը մշակող Օլեգ Կորոստելյովը հայտարարել է, որ այս տարի կարող են արտադրվել հարյուրավոր միավորներ։
Ղրիմի կամրջի ամբողջական ոչնչացումը Կիևի համար նշանակալի քաղաքական և ռազմական հաղթանակ կլիներ։ Սակայն նոր գործողությունը կարող է բարդ լինել. վերջին հարվածներից հետո Ռուսաստանը, հավանաբար, ուժեղացրել է կամրջի պաշտպանությունը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար