Փրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերը
Իրավունք
ՖԻՖԱ-ն հաստատել է, որ կիբերհարձակման հետևանքով հաքերներին հասանելի են դարձել սահմանափակ ծավալի անձնական և գործարար տվյալներ։ Նոյեմբերի 26-ին ֆեդերացիայի ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ կազմակերպությունը դատապարտում է հատկապես անձնական տեղեկությունների ապօրինի ձեռքբերումն ու հրապարակումը՝ դա որակելով որպես գաղտնիության լուրջ խախտում։
Նոյեմբերի 19-ին Handsome Boy Hacking Club խումբը X-ում հրապարակել էր էկրանի պատկեր, որում, իր պնդմամբ, երևում էին ՖԻՖԱ-ի ներքին ֆայլերը։ Ավելի ուշ խումբը հայտարարեց, որ ֆեդերացիայից գողացել է ավելի քան 12 ԳԲ տվյալ, այդ թվում՝ անձը հաստատող և ներգաղթային փաստաթղթեր, ֆինանսական հաշվետվություններ ու իրավական նյութեր։
Ըստ The Record-ի՝ հաքերները փորձել են գումար կորզել ՖԻՖԱ-ից։ Պահանջած գումարը չստանալուց հետո նրանք ֆայլերը հրապարակել են կիբերհանցագործների ֆորումում։ Ֆեդերացիան հայտնել է, որ համագործակցում է իրավապահ մարմինների հետ։
ՖԻՖԱ-ն չի հաստատել խմբի նշած 12 ԳԲ ծավալը և չի հայտնել՝ քանի մարդու կամ կազմակերպության տվյալ է արտահոսել։ Հարձակման ամսաթիվը նույնպես չի հրապարակվել․ նոյեմբերի 19-ը հաքերների առաջին հրապարակման օրն է։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար