Պերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել
Աշխարհ
Պերուի Այակուչո տարածաշրջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ութ զինծառայող, ևս մեկը ծանր վիրավորվել է։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին՝ Ապուրիմակ, Էնե և Մանտարո գետերի հովտում, որը հայտնի է որպես երկրի կոկայի մշակության և կոկաինի արտադրության խոշոր կենտրոններից մեկը։ Զոհերի մասին պաշտոնապես հայտարարվել է նոյեմբերի 27-ին։
Պերուի ռազմաօդային ուժերի «Մի-17» ուղղաթիռում գտնվել է ինը զինծառայող։ Օդանավը մասնակցել է դժվարամատչելի տարածքից հետախուզական առաջադրանք կատարող ռազմական խմբի դուրսբերման գործողությանը։ Զոհվածներից հինգը ռազմաօդային ուժերի ծառայողներ էին, երեքը՝ ցամաքային զորքերի զինծառայողներ։
Միակ ողջ մնացածը ուղղաթիռի օդաչուն՝ հրամանատար Էնսո Էսպինոսա Ռոկեն է, որին տեղափոխել են Լիմա՝ մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերելու համար։ Պերուի պաշտպանության նախարարի նախնական գնահատմամբ՝ վայրէջքի ընթացքում ուղղաթիռի պտուտակը կարող էր դիպչել ծառին, սակայն աղետի վերջնական պատճառը դեռ հետաքննվում է։
Տարածաշրջանում շարունակվում են զինված խմբավորումների և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ ռազմական գործողությունները։ Իշխանությունները չեն հաստատել, որ ուղղաթիռի կործանումը կապված է զինված հարձակման հետ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար